2008-ից հետո միջազգային հարաբերությունները փոխվել են:
Նախ՝ միակ գերտերությունը անհաջողության մատնվեց տնտեսական ճգնաժամի պատճառով և նրա ազդեցությունը միջազգային գործերի վրա նկատելի նվազեց: Փափուկ ուժի դրսևորման Վաշինգտոնյան կոնսենսուսը կորցրեց իր նշանակությունը, միաբևեռ համակարգը խարխլվեց:
Երկրորդ՝ տնտեսական ճգնաժամի պատճառով շատ երկրների համար վերականգնվելը դժվարացավ, տնտեսական աճ ապահովելու համար նրանք այլ պետությունների հետ համագործակցության վրա դրեցին խաղադրույքը: Արդյունքում՝ մեծացավ ուժեղ զարգացող շուկա ունեցող երկրների միջազգային հեղինակությունները, իսկ «Մեծ յոթնյակի» ազդեցությունը նվազեց:
Երրորդ՝ աճի կարևոր աղբյուր դարձավ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, մեծացավ տարածաշրջանային ինտեգրման տարբեր մեխանիզմների մրցակցությունը: Դա դարձավ արտաքին ու ներքին ֆոն ուկրաինական ճգնաժամի համար:
Այս փաստարկները նկատելի մեծացրին Ռուսաստանի ու Չինաստանի տնտեսական համագործակցության ռազմավարական նշանակությունը:
Նախ՝ ՌԴ-ն ու ՉԺՀ-ն գլոբալ ներգործություն ունեցող տերություններ են: Տնտեսական համագործակցության շնորհիվ նրանց հզորությունը մեծանում է, որը հաստատուն հիմք է դառնում բազմաբևեռ աշխարհի հետագա զարգացման համար: Երկրորդ՝ ռուս-չինական տնտեսական համագործակցությունը ԲՌՀՉՀ-ի շարժիչ ուժն է: ԲՌՀՉՀ-ի հետագա զարգացումը մեծացնելու է G20-ի ազդեցությունը միջազգային գործերի վրա:
Երրորդ՝ ռուս-չինական տնտեսական համագործակցության զարգացումը հիմք և շարժիչ ուժ է Շանհայի համագործակցության կազմակերպության բազմակողմ համագործակցության զարգացման համար: Բազմակողմ կոոպերացիան հետագայում թույլ կտա Ռուսաստանին ու Չինաստանին, նաև Աֆղանստանին, Միջին Ասիայի և Հնդկական մայր ցամաքի մեծ տերություններին առավել մեծացնել իրենց ազդեցությունը միջազգային ասպարեզում:
Չորրորդ՝ Մոսկվայի ու Պեկինի համագործակցությունը թույլ կտա Ռուսաստանին առաջ տանել ԵԱՏՄ-ի նախաձեռնությունը և ազդել ԱՊՀ երկրների տարածքում քաղաքական վիճակի ու անվտանգության ոլորտի վրա:
Հինգերորդ՝ ՌԴ-ի ու ՉԺՀ-ի տնտեսական փոխգործակցությունը անենամեծ խթանն ու հիմնական երաշխիքն է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և ԵԱՏՄ-ի նախաձեռնությունների համադրման: Մայիսին Մոսկվա այցի ժամանակ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը բացահայտ արտահայտեց իր տեսակետը: Խնդիրը՝ արդյունավետ տնտեսական համագործակցության և քաղաքական լավ հարաբերությունների շնորհիվ երկու նախաձեռնությունների փոխգործակցությունն ապահովելն է: Երկու տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների փոխգործակցային կապերի հաստատման, չին-ռուսական հարաբերությունների կոորդինացիայի ու համաձայնեցման համար տնտեսական համագործակցությունը վիթխարի նշանակություն ունի: Տնտեսական համագործակցությունը ամուր հիմքն է ռուս-չինական ռազմավարական գործակցության ու գործընկերային հարաբերությունների, որի շնորհիվ երկու տերությունները կարողացել են հզոր խաղացող դառնալ միջազգային ասպարեզում: Դա դրսևորվում է ոչ միայն նրանց համաձայնեցված գործողություններով, այլև Մոսկվայի ու Պեկինի միանման տեսակետներով խնդրահարույց ամբողջ շարք հարցերում:
Տնտեսական գործակցությունն օգնում է Ռուսաստանին ու Չինաստանին ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Այդ ոլորտում համագործակցությունը խթանում է երկու տնտեսությունների աճը, ոչ միայն ուղղակի աջակցում է պետության ներսում քաղաքական կայունությանը, այլև օգնում է ներկա կոշտ միջազգային մրցակցության պայմաններում իրականացնել արտաքին քաղաքական մտահղացումները, խուսափել միջազգային գործերում հավասարակշռության խախտումից: Այդ ամենը հաստատուն հիմք է դառնում կարևոր արտաքին քաղաքական հարցերի արդարացի լուծման և համաշխարհային հանրության ներդաշնակ զարգացման համար:
2007-ի մարտին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ «ՌԴ արտաքին քաղաքականության վերլուծությունը» ղեկավար հիմք կդառնա երկրի դիվանագիտական հարաբերություններում: Փաստաթղթում նշվում է, որ բազմաբևեռ աշխարհն արդեն դարձել է միջազգային հարաբերությունների փաստ, և Ռուսաստանի դերը նոր միջազգային կանոնների հաստատման գործում առավել նշանակալից է դառնում: Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Մոսկվան հարկադրված է խիստ վերախմբագրել իր արտաքին քաղաքականությունը վիթխարի տնտեսական դժվարությունների պատճառով: 2014-ի մարտից հետո արևմտյան պատժամիջոցների և նավթի գների սրընթաց անկման պատճառով Ռուսաստանի ներքին քաղաքականությունը բախվեց նոր մարտահրավերների: Պուտինի կառավարությունը վերլուծեց կատարվողը և որոշեց գործել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նա վճռական միջոցներ ձեռնարկեց և սկսեց զարգացնել ռազմավարական հարաբերություններն Արևելքի հետ, զարգացնել արտաքին տնտեսական համագործակցություն: 2015-ի մայիսի սկզբին Սի Ձինպինը գնաց Մոսկվա և մասնակցեց Հաղթանակի շքերթին: Երկու կողմերը ոչ քիչ ջանքեր գործադրեցին, որ իրենց տնտեսական համագործակցությունը աննախադեպ մակարդակի հասնի:
Ես վստահ եմ, որ Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական գործակցության հաջողությունները խոշորամասշտաբ տնտեսական համագործակցության ոլորտում կարևոր աջակցություն են ԲՌՀՉՀ պետությունների տնտեսական գործակցության, ՇՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության, Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և տրանսեվրասիական երկաթգծի նախագծի հաջող փոխգործակցության համար: Բոլոր այս մեխանիզմները կգործեն ոչ միայն ի շահ երկու երկրների ժողովուրդների, այլև կնպաստեն ամբողջ միջազգային հանրության բարգավաճմանը և կայունությանը:
Հ.Գ. Նման էր, չէ՞, «Պրավդայի» առաջնորդողի, հատկապես վերջաբանը: Պարզապես, ի տարբերություն ԽՍՀՄ-ի վերջին տարիների «Պրավդայի»՝ «Խուանցյու շիբաո»-ի թիկունքում Չինաստանն է՝ իր տնտեսությամբ, որ այս տարի աճի մեծ տեմպեր չունի, բայց դա չի խանգարում մրցակցել ԱՄՆ-ի հետ: Եվ հետո՝ չոր-պաշտոնական վերլուծության մեջ նաև մտածել տվող մեծ տեղեկատվություն կա, եթե փորձում ենք ռուս-չինական հեռագնա ծրագրերում հասկանալ մեր դերն ու տեղը: Նաև՝ հասկանալով՝ ինչպես են միմյանց վերաբերվում ու ինչն են միմյանց մեջ գնահատում երկու գերտերությունները, որ իրականում բազում հարցեր ունեն միմյանց հետ: ՈՒշադրություն դարձրեք ոչ միայն Մետաքսի ճանապարհին ու ԵԱՏՄ-ին, այլև՝ ՌԴ արտաքին քաղաքականության չինական գնահատականին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ